ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները:
ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ:
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի կողմերի համաձայնությամբ, փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում, իրականացրել են որոնման աշխատանքներ, որոնց հաջորդել է ադրբեջանական բանակի զինծառայողների դիերի հետ փոխանակման գործընթացը: Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել: