Հրապարակվել են հատվածներ «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» հաղորդումից, որը հեռարձակվելու է այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ Հաղորդման ընթացքում ցուցադրվելու է լրագրող Պավել Զարուբինի բացառիկ նյութը, որը նվիրված էր նոյեմբերի 10-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պայմանագրի ստորագրմանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախատեսում է 1960 ռուս խաղաղապահների տեղակայում, և նրանց մի մասն արդեն վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում:
Համաձայնագիրը ստորագրվել է կեսգիշերին մոտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Պուտինի սեղանին դրվել երեք սպիտակ թղթապանակներ և գրիչներ: «Այժմ հեռուստակամուրջ է Ադրբեջանի հետ»,- պատմել է օգնականներից մեկը:
Նախագահի աշխատասեղանի դիմաց էկրանն է, որով երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատասենյակը: «Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր ղեկավարին հրավիրել աշխատավայր»,- լսվում է ձայնը: Պուտինն արագ քայլերով մտնում է կաբինետ: Չհասցնելով նստել սեղանի շուրջը՝ նա կարգադրում է սկսել տեսակոնֆերանսը Բաքվի հետ: Մյուս հատվածում արդեն Ադրբեջանի նախագահն է:
Նախագահները հայտնվում են միաժամանակ: Համաձայնագրի բովանդակությունը դեռ հայտնի չէր լայն հասարակությանը, այն պետք է հաստատվեր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա արել է կադրից դուրս: Համաձայնագրի ստորագրումն արձանագրելուց առաջ Պուտինին առաջարկել են աչքի անցկացնել տեքստը: «Ինչո՞ւ պետք է այն կարդամ: Ես եմ այն գրել»,- պատասխանել է Ռուսաստանի ղեկավարը:
Որոշ ժամանակ անց օպերատորը Պուտինին խնդրել է տեղաշարժվել աթոռի մեջ՝ գեղեցիկ կադր ստանալու համար: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մի քիչ․․․»,- խնդրել է նա: Այսպե՞ս՝ հարցրել է Պուտինը և փոխել նստած դիրքը: