Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության հարցում անկյունաքարային նշանակություն է ունեցել փաստը, որ Ստեփանակերտը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո: Հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո առաջին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ժամերի ընթացքում պատերազմը չկանգնեցվեր, կընկներ Ստեփանակերտը, ապա՝ Ասկերանը, Մարտակերտը, մեր 20-30 հազար զինվորներն էլ կհայտնվեին շրջափակման մեջ, և չէին կարող ազդել իրավիճակի փոփոխության վրա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա այն դեպքը չէր, երբ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպել, որովհետև այդ դեպքում ամբողջությամբ նաև առաջնագիծը կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ:
Ինչու է հայտարարություն ստորագրելու որոշումը կայացվել միանձնյա՝ առանց քննարկումների. վարչապետը պարզաբանում է՝ ամեն ինչ տեղի է ունեցել մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ: Հիմա քննարկվում է, թե ինչ հանձնվեց, սակայն փաստաթուղթը, ըստ Փաշինյանի, ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու մասին է:
Նիկոլ Փաշինյան - Հետագայում, երբ ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, և այստեղ արդեն քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են հիմա բոլորը: Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե քննարկման արդյունքում առաջարկվում է ինչ անել՝ հե՞տ պտտել, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ սցենարով գնալ: Բայց հիմա ամենալայն քննարկումն է տեղի ունենում:
Ընդդիմության առաջնորդները հիմա իրավապահ կառույցներում են, նրանց արգելվում է հանրահավաքներ կազմակերպել ռազմական դրության պայմաններում: Քաղաքական ազդեցության որևէ հնարավորություն չունեն: Վարչապետը վստահեցնում է՝ քննարկումը՝ որպես այդպիսին, նոր պետք է սկսվի:
Նիկոլ Փաշինյան - Այդ քննարկումը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար, որովհետև ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է: Նկատի ունեմ` սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, և կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն, և այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան:
Քննարկումները հիմնականում անցնելու են Կառավարության ներսում: Ընդդդիմադիրների պնդումներին, թե հայտարարությունը փոփոխության ենթարկելու կամ չեղարկելու հնարավորություն կա, Փաշինյանը հակադարձեց՝ ամեն ինչը հրապարակային է տեղի ունենում, և ընդդիմությունը չեղարկման տարբերակ չի ներկայացրել:
Նիկոլ Փաշինյան - Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, պատռել և գցել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ մենք ասում ենք` թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մե՞ջ ընկնեն:
Վարչապետը համաձայն չէ ընդդիմության այն գնահատականին, թե տեղի ունեցածից հետո ինքը չի կարող արդյունավետ բանակցություններ վարել: Ի վիճակի են բանակցելու: Ընդգծեց՝ իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ, և երկրում կայունության հաստատումից հետո կդիմի ժողովրդին:
Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այդ փաստաթղթից. կառավարության ղեկավարի խոսքով՝ հստակ պատկերացում ունեն՝ ինչ են ուզում, օրինակ՝ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Ապաշրջափակվեն տրանսպորտային ենթակառուցվածքները:
Նիկոլ Փաշինյան - Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ, և, եթե, օրինակ՝ այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել:
Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ Շուշին ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ փորձ է արվել հետ գրավել, առաջին փորձը ձախողվել է, երկրորդ խմբին հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, սակայն նրանց չի հաջողվել զարգացնել հաջողությունը:
Նիկոլ Փաշինյան - Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ մենք հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել: Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Եվ ես ցանկանում եմ ասել նաև, որպեսզի մեր հանրությունն իմանա. Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի:
Ամփոփելով՝ վարչապետը վստահեցնում է՝ Արցախում մարդկանց թե՛ նյութական, թե՛ սոցիալական աջակցություն կտրվի, և շատ կարևոր է՝ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան իրենց տները: