Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ:
Հեռավար խորհրդակցության ժամանակ Սերգեյ Լավրովը ասել է, որ ռուսական կողմը մանրամասն տեղեկացրել է միջազգային գործընկերներին, առաջին հերթին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թե ինչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
«Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և Ձեր գործադրած ջանքերը: Մենք խոսել ենք նաև մեր ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացվել էր Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին, որոնք թույլ են տվել հանգել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքմանը:
Մենք կապի մեջ ենք նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ: Դրանք են, առաջին հերթին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
Այս բոլոր կառույցներն իրենց ներկայությունն ունեն տարածաշրջանում, սակայն ոչ ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում: Եվ այժմ մենք կապի մեջ ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, պայմանավորվում ենք, որ նրանք կարողանան իրենց ներկայությունը տեղակայել անմիջապես Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ի գրասենյակներն այդպիսի տեղակայման դեպքում շատ շահագրգռված են համակարգել իրենց գործողությունները մեր խաղաղապահների, սահմանապահների և նրանց հետ, ովքեր մարդասիրական խնդիրներ կլուծեն առաքելության գծով, որն իրականացնում է Ռուսաստանը»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ից բացի կա նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը վաղուց է աշխատում տարածաշրջանում, այն երկար տարիներ մշտական ներկայություն է ունեցել հենց Ստեփանակերտում: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո նրանք ստիպված իրենց ներկայացուցչությունը տարհանել են Երևան: «Այժմ նրանք վերադարձել են և վերսկսում են աշխատանքն այնտեղ: Նրանք նույնպես շահագրգռված են մեր ներկայացուցիչների հետ համակարգումը վերականգնելու հարցում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը երեքշաբթի օրը կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ակնկալում ենք նրա համար հանդիպում կազմակերպել ոչ միայն արտաքին գործերի նախարարությունում, այլև՝ մեր զինվորականների, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և սահմանապահների հետ»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը: