«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրել է իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը:
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կազմել է գործողությունների ծրագիր։
1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։
Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:
2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում:
3. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։
4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում:
5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։
6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։
7. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։
8. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։
10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավերված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:
11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:
12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:
13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: