Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
- Գևո՛րգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, ովքեր ուրախացել են Մակեդոնիայի հաղթանակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել այդ խաղին, և կարծո՞ւմ եք արդյոք, որ սա հոգեբանական առումով կարող է խանգարել Վրաստանին։
- Կարծում եմ, որ եղել են նաև երկրպագուներ, ովքեր երկրպագել են Վրաստանի հավաքականին։ Հոգեբանական առումով նման պարտությունից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար միգուցե դժվար լինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։
- Ինչպես գիտենք, ձեր հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, չի կարողացել միանալ հավաքականին իր ակումբում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Այս պարագայում վաղվա խաղում դուք եք լինելու թիմի առաջատարը։ Պատրա՞ստ եք արդյոք ստանձնել այդ պատասխանատու դերը։
- Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։
- Արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի ազգային հավաքականը կարող է հաղթել վաղը, և մի քանի օր անց հաղթելով նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն՝ այս խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։
- Այո՛, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին։
- Հավաքականում խաղացել եք մի շարք մարզիչների օրոք: Ի՞նչ փոփոխություններ և նորամուծություններ է իր հետ հավաքական բերել Խոակին Կապառոսը:
- Մարտավարական որոշակի փոփոխություններ կան, մարզումների վրա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։
- Պարո՛ն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչ օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյոք նրան կարելի՞ է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանի փոխարինող հարձակման կենտրոնում։
- Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։
- Վրաստանի և Էստոնիայի դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչև խաղի վերջնամասը: Չբացահայտելով ձեր խաղային ծրագիրը՝ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:
- Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչ ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի այդ խնդիրը լուծենք։