Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան կապող տարանցիկ ուղիների փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:
IRNA գործակալության հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարարի՝ արտաքին քաղաքական հարցերով տեղակալ Արաղչին «կեղծ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն» և «կեղծ քարտեզ» է որակել վիրտուալ տիրույթում հրապարակված Իրանի հյուսիսարևմտյան հատվածի մոտ նոր ուղիների ու սահմանների մասին տեղեկությունը:
Իրան-Հայաստան սահմանն անջատելու, Հայաստանի ներսում կամ նույնիսկ Իրանի ներսում միջանցք ստեղծելու և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոփոխելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում և տարածվել են հատուկ քաղաքական և քարոզչական նպատակներով՝ Արաղչիի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը: