ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին:
Երախտագիտության խոսք հայտնելով Ղ. Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարի-դրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը, ինչը վկայում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Նշված միտումները պահպանվել են նաև վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության՝ ո´չ համավարակը, և ո´չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերություններին: Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների՝ վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված՝ պետք է անել հնարավորինս՝ հարաբերությունների ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար:
ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ: