Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի Բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:
Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ:
Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից: