Նախօրեին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդակցությունը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը խաղաղ կյանքին վերադառնալուն օժանդակելու հարցը շատ կարևոր և արդիական է:
«Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի ընդունած եռակողմ հայտարարությունը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը, գնդակոծություններն ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են: Հայտարարությանը համապատասխան՝ շփման գծի երկայնքով և, այսպես կոչված, Լաչինի միջանցքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ:
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում առաջացել են հումանիտար լուրջ խնդիրներ: Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, մարտերի հետևանքով գերազանցել է 4 հազարը, ավելի քան 8 հազար մարդ վիրավորվել է: Տարբեր տվյալների համաձայն՝ փախստականների թիվը տասնյակ հազարների է հասնում: Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային շատ օբյեկտներ»,- ասել է Պուտինը:
Նա նաև շեշտել է, որ տարածաշրջանի բնակիչներին առավել հրատապ խնդիրների լուծման հարցում օգնելու համար անհրաժեշտ է ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Դրա աշխատանքը կներառի ՌԴ պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության և Դաշնության այլ գերատեսչությունների ռեսուրսները:
«Կենտրոնը կզբաղվի՝
-
փախստականներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու գործընթացին արագ աջակցությամբ.
-
Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և բնականոն կենսապայմաններ ստեղծելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների հետ փոխգործակցությամբ.
-
ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերով զբաղվող պետական մարմինների և, հուսով եմ, հասարակական կազմակերպությունների աշխատանքի համակարգմամբ.
-
Ադրբեջանի և Հայաստանի պետական կառավարման մարմիններին օգնության ցուցաբերմամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման բոլոր մասնակիցներին մինչև այժմ կատարած գործի համար: Ակնկալում եմ ինչպես ձեր արդյունավետ համատեղ աշխատանքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահը: