ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմին, դերասանի հարազատներին ու մտերիմներին: Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված ՌԴ նախագահի հեռագրում ասվում է.
«Խոր ցավով տեղեկացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ դերասանի, լուսավոր, շնորհալի ու հմայիչ անձնավորության մահվան մասին: Մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, մեզ բոլորիս համար: Նրան անկեղծ սիրում էին իր տաղանդի, հոգու ջերմության, իր մասնագիտությանն ու հանդիսատեսին նվիրվելու համար: Հավերժ կպահենք վարպետի, իրապես ժողովրդական արտիստի՝ Արմեն Ջիգարխանյանի հիշատակը»: