ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետբյուջեի նախագածի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխության է ենթարկվել նախագիծը երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
Նախարարն ասաց, որ 2020-ի համար ունեին տնտեսական աճի 6 տոկոս կանխատեսում, որը ճշգրտվեց 0.8 տոկոսային կետով՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, արդյունքում՝ 2020-ի համար սպասվում է մոտ 7.9 տոկոս տնտեսական անկում։ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային եկամուտների առումով կանխատեսել էին 1 տրիլիոն 320 միլիարդ, սակայն սեպտեմբերից հետո այդ ցուցանիշը գնահատվում է 1 տրիլիոն 350-356 միլիարդ դրամ:
«Հաշվի առնելով անորոշությունները՝ փորձել ենք որպես իրատեսական վերցնել ստորին շեմ՝ մոտ 1 տրիլիոն 350 միլիարդ այս տարվա հարկային եկամուտների համար: Մենք կունենանք 2020 թվականի համար կանխատեսվածից տարբերվող պակասուրդ՝ մոտ 30 միլիարդ դրամով ավելի ցածր, քան բյուջեի փոփոխությամբ ներկայացված էր։ Բացարձակ թիվը 459 միլիարդ էր, հիմա դա կլինի մոտ 430 միլիարդ դրամ՝ ըստ կանխատեսումների»,- ասաց նախարարը։
Ջանջուղազյանի խոսքով՝ 4.8 տոկոս տնտեսական աճ էր նախատեսվում 2021 թվականի համար, բայց հաշվի առնելով նաև համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցությունը, արտաքին պահանջարկի փոփոխությունը՝ գնահատում են, որ հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը։
Նախարարը նաև նշեց, որ դեֆիցիտի մեծացմամբ պայմանավորված՝ լրացուցիչ պարտք է պետք ներգրավել, ինչը նշանակում է, որ մեր տոկոսային ծախսերը կարող են աճել։
«Վերանայված սցենարի պարագայում ծախսերի մակարդակը կլինի 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ, կամ 2021 թվականի համար կուեննանք ոչ թե 4.1 տոկոս ՀՆԱ-ի չափով պակասուրդ, այլ 5.4 տոկոս։ Բացարձակ թվով 274 միլիարդ դրամի փոխարեն 342 միլիարդ դրամ կունենանք»,- ասաց նախարարը։