Նրանց ավագ եղբայրը՝ Արամն էլ, հոր՝ Արայի հետ են ռազմաճակատում եղել: Մերին ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, առաջնագիծ մեկնող ամուսնուն հետ չի պահել, ճանապարհել ու Մարտունուց եկել են Երևան: «Սմերչի» արկն իրենց տան վրա է ընկել: Մի քանի օր հետո են իմացել:
Մերի Քամալյան - «Վերջին պահը դուրս գալուց երեխուս սարոչկեն կախած էր իրա սենյակում, էդ վերցրցի, մեկ էլ իրա այ էս նկարը: Իրա վերջին զանգի նկարն ա: Թողել եմ մեր առօրյա կյանքը, իմ աշխատանքը, գործընկերներին»:
Մեկուկես ամսվա ընթացքում մի քանի տուն են փոխել, վերջում՝ տեղավորվել երկու սենյականոց մի բնակարանում: Մերին ասում է՝ չեն պատրաստվում Երևանում երկար մնալ: Հենց իրավիճակը կայունանա, կգնան Մարտունի, ավերված տունը կվերանորոգեն ու կշարունակեն ապրել:
Մերի Քամալյան - «Եթե ամեն ինչ ապահով լինի, մենք ամեն դեպքում կվերադառնանք Մարտունի, որովհետև այնտեղ մեր պատմությունն ա, մեր հիշողություններն են: Ինչ ունենք, էնտեղի հետ ա կապված»:
Ահարոնը, Միան, Արենն ու Ադրինեն ամենից շատ կարոտել են հրետանավոր եղբորը: Ծառայության ընթացքում ընկերների հետ աչքի է ընկել սխրանքներով: Շարքից հանել են թշնամու մարտական դիրքերն ու հենակետերը:
Երեխաները ասում են՝ «Արամին եմ կարոտել, պապայիս եմ կարոտել, Մարտունին եմ կարոտել: Պատերազմը վերջացել ա, գնալու ենք մեր տուն»:
Մերիի ամուսինը մի քանի ժամով Երևանում է եղել: Հրթիռակոծված տնից տաք հագուստ, այլ իրեր է բերել, երեխաներից կարոտն առել ու վերադարձել է:
Մերի Քամալյան - «Էս շորերը, որ հանեցի, սենց փոշոտ, ծուխ ա վրեն, վառված ա, չգիտեմ... Սրա հոտը պատերազմի հոտ ա»:
Մերին ասում է՝ Երևանն իրենց ջերմ է ընդունել, բայց հայրենի հողում պետք է լինեն ու շենացնեն Մարտունին: Այդ ցանկությունը վերջին օրերին ավելի է ամրապնդվել: