Հայաստանում անօթևան մնացած արցախցի ընտանիքներ չկան, կան վերաբաշխման խնդիրներ: Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքը համակարգող Միքայել Վիրաբյանի խոսքով՝ Արցախից Հայաստան տեղափոխվածները ցանկանում են բնակվել Երևանում, բայց առաջնահերթ է մայրաքաղաքում տեղավորել բուժման կարիք ունեցողները:
Միքայել Վիրաբյան (ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող) - Խոսքը նաև վերաբերում է վիրավոր զինվորներին, որոնք դուրս են գրվել բուժհաստատություններից, սակայն նրանց անհրաժեշտ է հետագա բժշկական միջամտություն և խնամք: Նրանց իրենց ծնողների հետ պիտի տեղավորենք Երևանում:
Արցախի ընտանիքները տեղավորվել են կամավորների ու նաև պետության միջամտությամբ: Հուրանոցներում ապրողների կոմունալ վճարները պետությունն իր վրա կվերցնի, իսկ հյուրընկալված քաղաքացիների մասով շուտով կլինի Հայաստանի կառավարության համապատասխան որոշում։ Ինչպե՞ս կլուծվի այն արցախցիների հարցը, որոնք հնարավորություն չեն ունենա վերադառնալ հայկական վերահսկողությունից դուրս մնացած իրենց տարածքներ:
Միքայել Վիրաբյան - ԱՀ նախագահի ելույթում կար դրվագը, որ կհամոզվենք առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվեն ԱՀ տարածքներում, նոր անձնական դիմումները կփորձենք հասկանալ:
Արցախցի ընտանիքների սոցիալական հարցերով զբաղվող օպերատիվ շտաբը գործում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Այստեղ օրական դիմում է 300-ից ավելի արցախցի, ստանում են հազարի հասնող զանգեր:
Միքայել Վիրաբյան - Թոշակներ, վճարումներն արվում են:
Այս ընթացքում շտաբը կարգավորել է արցախցի ընտանիքների սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ: Իրավական ծառայությունների համար էլ բացվել է գրասենյակ Երևանի Վարդանանց 16/1 հասցեում: