Նոյեմբերի 13-ին` ժամը 00։25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Mazda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ե., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արտակ Հ․-ն հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։
Փրկարարները մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: