ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ շտաբի հիմնական խնդիրները ՀՀ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է, ՀՀ գործընկեր կառույցների սերտ համագործակցությամբ համապատասխան ծրագրերի մշակումն ու այդ ծրագրերի իրականացումը:
«Օպերատիվ շտաբը Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում ունի իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ։ Գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը, պետական ռեգիստրի բաժինը, քաղաքացիներին տրվում են պարզաբանումներ, և օգնում են համապատասխան փաստաթղթերի ձևակերպման խնդիրներով՝ լինի անձնագրի կորուստ, ծննդյան, մահվան վկայականի փաստաթղթեր»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն է՝ ՀՀ տարածքում վճարվում են պետական բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները։
Միքայել Վիրաբյանի խոսքով՝ ծրագրային բազայի հիման վրա են այդ ամենը կատարում, և սկզբում կային որոշակի թերություններ, բայց նրանք, ովքեր տեղափոխվել էին ՀՀ, 93 տոկոսով ստացել են իրենց կենսաթոշակներն ու նպաստները։ Ասաց, որ այս պահին սկսվել են նոյեմբերի վճարումները, իսկ զինվորական կենսաթոշակները կվճարվեն երկուշաբթիից:
«Իմ խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եկել ենք պայմանավորվածության, որ ամբողջ ՀՀ տարածքում սոցիալական ապահովության տարածքային բաժիններն աշխատեն նաև ԱՀ քաղաքացիների համար։ Մեր քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ ցանկացած տարածքում, որտեղ նրանք ժամանակավորապես բնակվում են, և համապատասխան նոր նշանակումների, վերահաշվարկումների, տարբեր սոցիալական վճարների նշանակման համար դիմեն այդ հասցեներով»,- ասաց Վիրաբյանը։
Նախարարը նշեց, որ ՀՀ-ում գործում է կարգ, որ կեցության խնդիրները բավարարվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Հիշեցրեց նախարարության թեժ գծի 114 համարը։
Վիրաբյանը խնդրեց արցախցիներին չառաջնորդվել այն սկզբունքով, որ միայն պետք է Երևան քաղաքում բնակվեն։ «Այն քաղաքացիները, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, հնարավորություն պետք է ունենան տեղավորվել Երևանում, ստանալ բժշկական օգնություն. դա վերաբերում է նաև այն վիրավոր տղաներին, որոնք դուրս են գրվում բուժհաստատություններից, բայց դեռևս ունեն հետագա բժշկական խմանքի կարիք։
Վիրաբյանն ասաց, որ կան նաև քաղաքացիներ, որոնց հյուրընկալել են հյուրանոցերում, հյուրատներում։ Ընդգծեց, որ այս պահի դրությամբ անօթևան քաղաքացի չունեն, բայց այդ ամենի համակարգման, տեղաբաշխման խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում լուծվում են ըստ առաջնահերթությունների։