Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նշեց, որ ինչպես ցանկացած պատերազմում, այս պատերազմում էլ կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ են եղել։
«Այդ խնդիրները եղել են ոչ միայն զուտ կազմակերպչական, այլև ինստիտուցիոնալ բնույթի։ Պարզվեց, որ մեր զինված ուժերի կիրառման պլանի առումով մեր՝ բանակին մոբիլիզացիոն ռեսուրսով օգնելու համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք։ Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եղել են նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի մասով, որոնք ցույց են տվել, որ զորահավաքային այն պլանները, որոնք գոյություն ունեն, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին։
«Քանի որ այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել նախկինում, նրա բացերն ուղղակի չեն երևացել, և մենք առաջնորդվել ենք կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է։ Բայց դա հին համակարգ է, որ ներկայիս պայմաններում չի աշխատում։ Այս պատերազմը ցույց տվեց, որ բանակում ավելի կարևոր են հատուկ նշանակության մոբի խմբերը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ բարեփոխումներն ընթացքի մեջ էին 2019-ից, բայց դեռ չէին հասել իրենց տրամաբանական ավարտին։