Իրանական ԶԼՄ-ներն ու իրանցի փորձագետներն այս օրերին ակտիվորեն անդրադառնում են Արցախում պատերազմը դադարեցնելու հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, և դրանից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրությանը:
Կովկասի հարցերով փորձագետ Շաիբ Բահմանը, անդրադառնալով Թուրքիայի գործողություններին, նշել է․ «Չնայած այն փաստին, որ Թուրքիան երբեք Իրանին չի համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մասնակից կողմ՝ Իրանն իր սխալ քաղաքականությամբ, Աստանայի ձևաչափի օրինակով, Թուրքիային փորձում էր ներգրավել կարգավորման գործընթացում»,- իրանական Jam-e Jam օրաթերթին տված հարցազրույցում նշել է փորձագետը։
Շաիբ Բահմանը, գնահատելով պատերազմի ընթացքում Իրանի իրականացրած գործողությունները, նշել է․ «Այս ընթացքում Իրանի ԱԳՆ-ն անարդյունավետ է գործել և ուշ արձագանքել իր սահմաններին ընթացող զարգացումներին: Սխալ էր Հայաստանի սահմանը փակել, պատժամիջոցների ժամանակ ամենաշատն Իրանին Հայաստանն է օգնել, Հայաստանն Իրանի «ռազմավարական շնչուղին էր» պատժամիջոցների ժամանակ: Իրանն Ադրբեջանին պետք է խիստ նախազգուշացնի, որ եթե Իսրայելը ռազմակայան հիմնեց, կամ ահաբեկիչները շարունակեցին մնալ սահմանին, ապա խիստ հակազդեցության է արժանանալու»,- հավելել է Շաիբ Բահմանը:
Իրանական Javan օրաթերթը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի ազդեցության մեծացումից, նշել է․ «Ադրբեջանում թուրքական ռազմակայանների տեղակայումը նշանակում է ՆԱՏՕ-ի ներկայություն, Իրանն ընկնում է գեոքաղաքական նոր շրջափակման մեջ: Թուրքիայում իշխող կուսակցությանը մոտ կանգնած ԶԼՄ-ներն արդեն թիրախավորել են Թավրիզը»:
Իրանական «Մաշրեղնյուզ» կայքն էլ գրել է, որ, ռուս և թուրք զինվորականների ներկայությունն Իրանի հյուսիսային շրջանների հարևանությամբ, և Հայաստանի ու Իրանի միջև կապի խոչընդոտումը, երկարաժամկետ առումով, վնասում է Իրանի ազգային շահերին»: