Արդեն 2-րդ օրը հանրահավաք-երթեր են անցկացնում 16 կուսակցությունները: Նրանք նոյեմբերի 12-ից հավաքվել են Մատենադարանին հարակից տարածքում՝ պահանջելով հանել ռազմական դրությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով՝ այս տխրահռչակ փաստաթղթի ստորագրումը հայ ժողովրդին այսօր կանգնեցրել է փաստի առաջ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյան - Հայ ազգն իր պետականատենչ քաղաքականությամբ երբեք որևիցե ազգի առաջ ծնկի չի եկել ու չի գալու, նրանք պետք է հեռանան, որպեսզի ստեղծվեն նոր պայմաններ, նոր հնարավորություն:
Հանրահավաքից հետո ընդդիմադիր կուսակությունների ներկայացուցիչների երթը շարունակվել է, նրանք մի պահ կանգ են առել Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և պահանջել ազատ արձակել հանրահավաքին մասնակցող քաղաքական ուժերի ձերբակալված առաջնորդներին, ինչպես նաև կրկին պահանջել իշխանության հրաժարականը:
Ոստիկանների ուղեկցությամբ երթը շարունակվել է, Թումանյան փողոցով նրանք շարժվել են Ազատության հրապարակ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հստակ ընգծել է՝ սա քաղաքական պայքար չէ, սա պետականության պահպանման հարց է: ՀՅԴ Բյուրոյի նախագահի խոսքով՝ այսօր հարցականի տակ է արցախցու ապագան, նրանցից շատերը վստահ են, որ հայրենիք վերադարձի ճանապարհ այլևս չկա՝ ընդգծելով, որ այսօր արցախցին արդեն տեսնում է, թե թշնամին ինչպես է Շուշիում խրախճանք անում ու նամազ հնչեցնում: Այսքանից հետո, ըստ Ռուստամյանի, Արցախում նախագահելու իրավունք չունի նաև գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Բյուրոյի նախագահ - Մեր պայքարը ժամանակ չի ճանաչում, տարածություն չի ճանաչում: Ամբողջ հայությունն աշխարհով մեկ պետք է նույն խնդիրը դնի ու պետք է հասկանա, որ ժողովուրդը չի ներելու իրեն, ամբողջ սփյուռքը պետք է կանգնի այդ նպատակի համար:
Քաղաքական ուժերը կոչ արեցին ժողովրդին՝ պայքարել հանուն փաստաթղթի չեղարկման, հարցը հրապարակում չլուծելու դեպքում պետք է գործի անցնի խորհրդարանը: Կոչ արվեց իմքայլականներին՝ միանալ ընդդիմադիր կուսակցություններին: Հավաքի մասնակիցներին կոչ արեցին հավաքին կրկին միանալ նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ից, Ազատության հրապարակում: Այս անգամ ևս հավաքը ավարտվեց ձերբակալություններով: