Արդեն երրորդ օրն է՝ քաղաքական ուժերը հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նոյեմբերի 10-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրից հետո Երևանի կենտրոնում հանրահավաքներ և երթեր անցկացնող ընդդիմադիր ուժերը պնդում են՝ ժողովրդի թիկունքում հողերը հանձնած Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա իշխանությունից: Նրանց խոսքով՝ ստորագրված համաձայնագրում որոշ փոփոխություններ դեռ հնարավոր է անել:
Հարթակում ելույթ ունեցողները վստահեցնում են՝ որևէ մեկը չի պայքարում իշխանության համար, բայց պետք է այնպես անել, որ բանակցողը փոխվի:
Ազատության հրապարակ այդպես էլ չեկան առանցքային ուժերի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք: Նրանք Հատուկ քննչական ծառայությունում էին: Թեև երեկ ուշ երեկոյան դատարանը նրանց ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, սակայն այսօր կրկին հրավիրվել էին իրավապահ կառույցներ:
Ղարաբաղի կորստից հետո ազատության հրապարակում այսքան քիչ մարդ պետք է չլիներ՝ հարթակից ափսոսանք հայտնեց բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Ըստ նրա՝ պատերազմը տանուլ ենք տվել 1994 թվականի զինադադարի հաջորդ օրվանից ինչպես հարկն է հաջորդ պատերազմին չպատրաստվելով:
Համախմբվելու և պայքարելու կոչով հանդես եկող գործիչներին միացել են նաև արցախցիներ: Մատաղիսի նախկին ղեկավարը Փաշինյանին հիշեցրեց արած հայտարարությունները, որ արցախցիների ճակատագիրն ինքը չի որոշելու:
Ընդդիմության հանրահավաքները կշարունակվեն: