ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունը չմասնակցեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, քանի որ նիստի օրակարգը հստակ չէր:
Նրա խոսքով՝ պետք է շարժվել մեր երկրի այսօրվա էքստրեմալ օրակարգի, ռազմական դրության շրջանակում, քանի որ, պատգամավորի խոսքով, ունենք նաև ներքին խնդիրներ՝ անվտանգային, արտաքին, և այդ բոլորը փոխկապակցված են։ Քոչարյանն ասաց, որ պետք է հաղթահարենք այս վիճակը, որպեսզի Պաշտպանության բանակը, Զինված ուժերն այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան՝ պատրաստ լինելու մարտահրավերներին։
«Հիմա մենք ունենք դադարի պահ։ Այս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք։ Պաշտպանության հանձնաժողովը ունի անելիքներ՝ որպես խորհրդարանական երկիր, և մեր հանձնաժողովը, կարծում եմ, Զինված ուժերի, անվտանգության բոլոր մարմինների հետ պետք է ներդաշնակ աշխատի՝ թե՛ օրենսդրական, թե՛ համակարգի վերահսկողությանն ավելի ակտիվ ներգրավված լինելու հարցում։ Ես կարծում եմ, որ մենք միասնական պետք է այդ խնդիրները լուծենք։ Բոլոր վերլուծություններն ուղղված են լինելու սխալների վերացմանը, մեր կարողությունների ավելացմանը։ Բյուջեն պետք է իր մեջ այլ տրամաբանություն ներառի. թե՛ բանակի սպառազինության, թե՛ կառուցվածքի վերանայման հազար ու մի խնդիրներ կան»,- ասաց պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դասեր պետք է քաղել անընդհատ։ Շեշտեց, որ բանակի զարգացումը մշտական պրոցես է, և այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ, որոնք պետք է ազնվորեն հաստատենք։
Քոչարյանը, անդրադառնալով եռակողմ հայտարարության բովանդակությանը, նշեց․
«Լինեմ անկեղծ, տրամաբանությունը կարող էի պատկերացել, բայց տեքստի բովանդակությանը, բնականաբար, տեղյակ չէի։ Կարծում եմ՝ տեղյակ չեն եղել շատ շատերը, ինչպես ներկայացրեց վարչապետը»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ լրագրողներն իրենց հետաքրքրող ինչուների պատասխանները կստանան, բայց այսօր ՊԲ-ն պետք է իրեն մենակ չզգա, ու նաև մեր զինված ուժերը․ դրանք խիստ հաղորդակից համակարգեր են։