Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»: Մոսկվան արձագանքել է դեսպանի հայտարարությանը: «Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Գերատեսչությունից ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը: «Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ՝ նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, որով հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ: Հրամանագրով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության: Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝ ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ քաղաք», - նշել է Կոնաշենկովը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները: Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է ուղղաթիռները կօգտագործվեն հրադադարի եւ ռազմական գործողությունների գոտիների օդային մոնիտորինգի, նաեւ դժվար հասանելի վայրեր անձնակազմի տեղափոխման համար: Ուղղաթիռները Երեւանի օդանավակայան են տեղափոխվել ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռներով: