Այսօրվա հրամայականն առաջին հերթին ներքին և արտաքին մարտահրավերները զսպելն է՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Այդ գործընթացները քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական՝ պետք է լինեն մեկ տրամաբանության մեջ։ Գանք լիակատար կայունացման, եթե հնարավոր է, և կայունացման իրավիճակում խոսենք խնդիրների մասին»,- ասաց պատգամավորը: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ կան տարբեր տեսակետեր, բայց դրանց մեծ մասում չկային լուծումների առաջարկ:
«Բոլորն ասում են փրկության կոմիտեների մասին։ Փրկության կոմիտեների առաջարկները 90-ականներից է գալիս, բայց մենք պետություն ենք, և պետությունն ունի նման խնդիրների լուծման սահմանադրական լուծումներ։ Մենք պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարով, բայց քաղաքական լուծումներն ինչպիսին էլ լինեն, դրանք խոչընդոտ չպետք է լինեն մեր Զինված ուժերի այսօրվա մարտական հերթափոխի կառավարման վրա։ Որևէ բացասական ազդեցություն չպետք է լինի»,- ասաց Քոչարյանը։