ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձավ ընդունված համատեղ հայտարարության հետ կապված բազմաթիվ մանրամասների։
Փաշինյանը կրկին նշեց, որ ծանր որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում։
«Անկյունաքարային նշանակության գործոնը, որը մեր կողմից բերել է այդ համաձայնագրի ստորագրության, փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը Շուշիի անկումից հետո մնացել է անպաշտպան, և եթե ժամերի ընթացքում չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, և հետո, ինքնաբերաբար, Ասկերանը, Մարտակերտը։ Եվ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»,- նշեց վարչապետը։
Ինչո՞ւ հարցը չի քննարկվել ԱԺ-ում, ընդդիմության հետ հարցին՝ Փաշինյանը նշեց, որ մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել դա։
«Հիմա շատ է քննարկվում, թե ինչ հանձնվեց այս ստորագրությամբ, բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթն առնվազն ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու մասին է։ Դա ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները ռազմական գնահատականով պետք է տեղի ունենային, դրանք արձանագրվել են, որպեսզի խնայվեն մեր շուրջ 30 հազար զինծառայողի կյանք»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, որ ստորագրված հայտարարության մասով հրապարակում ընդդիմությունն ասում է, թե դեռ այն կարելի է չեղարկել կամ փոփոխության ենթարկել։
«Մենք կարող ենք նաև այդ թուղթը պատռել ու դեն նետել, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ։ Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք իրավիճակին, որում դա ստորագրվել է։ Մենք ի՞նչ էինք ասում, ասո՞ւմ ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնեն»,- նշեց Փաշինյանը։