Պետք է հստակ ու վստահ արձանագրեմ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումը վերջին չորսուկես տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի կրել՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես, ռուս խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշման մասին»,- նշեց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն աշխատանքային նորմալ հարաբերություններ: Այն պնդումներին, թե վատ հարաբերություններ կան Ռուսաստանի Դաշնության հետ, ինչն էլ չի նպաստել ռուսական կողմի ավելի արագ միջամտությանը, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի փոխել իր դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ՝ հակառակ դեպքում, այն կտարբերվեր մինչ 2018-ի մայիսն ունեցած ռուսական դիրքորոշումից, այնինչ վերջին չորսուկես տարիներին այն նույնն է։