«Ծանր ժամանակներ ենք ապրում, սա մեր բեռն է, և պետք է ազգովի կրենք, բայց նաև մտածենք մեր ապագայի մասին։ Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը պետք է տեսնենք, որովհետև Արցախի համար պայքարը չի ավարտվել սրանով։ Շատ լավ կլիներ, որ հարցը վերջնական կարգավորում ստանար, բայց, ցավոք, չի ստացել։ Հաջորդ հարցը հետևյալն է՝ մենք շարունակո՞ւմ ենք պայքարել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի իրավունքի համար»,- Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ հարցի պատասխանն այո է, իսկ առաջին քայլն արցախցիների վերադարձն է իրենց բնակավայրեր։
«Այդ ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր ստեղծագործ ու խաղաղ կյանքի համար։ Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մեկ հատվածի հայության անվտանգությունն ապահովում են, մյուս հատվածում մեր հայրենակիցների վերադարձի իրավունքն ապահովված է։ Պետք է հիմա աշխատենք այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Լաչինի միջանցքով ճանապարհն աշխատելու է, մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով գնալ ու գալ։ Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ պետք է բնականոն կյանքը վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ»,- նշեց վարչապետը։
Խաղաղապահները երաշխիք են, որ իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսի, կամ առնվազն ծավալ չի ստանա։ Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգության ապահովումն է՝ նշեց վարչապետը։
«Այս փուլում ամենակարևորը ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելն է, որից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես արդեն ասել եմ, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանում ժողովրդի իշխանության անձեռնամխելիությունը»,- նշեց վարչապետը։