«Շուշին ընկել է և ընկնելուց հետո երկու անգամ հետ գրավելու, ազատագրելու փորձեր են եղել։ Առաջինը չի ստացվել ընդհանրապես։ Երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել ու դիրքավորվել Շուշիում։ Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը»,- Շուշիի ընկնելու-չընկնելու առեղծվածի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ շատ միֆեր կան։ Օրինակ՝ իրեն լուր են տվել, որ 50 հոգուց բաղկացած խումբ կա Շուշիում, որը շարունակել է կռվել դեռ այն ժամանակ, երբ Շուշին ընկել է։
«Ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում և փոխանցեցի զինվորականներին։ Հետագա պարզաբանումների ընթացքում հայտնի դարձավ, որ այդ անձը գտնվում է Ստեփանակերտում ընդամենը։ Նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»,- նշեց Փաշինյանը։