ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի:
«Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է:
Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահը: