Շատերը հիմա նաև այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար՝ իր ուղերձում այս հարցադրումը հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Նաև այն պատճառով, որ, ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել»,- ասաց նա:
Վարչապետը նաև պատասխանեց հարցին, թե այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՛ւ չխորհրդակցեց ժողովրդի հետ:
«Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ հետո՝ ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են»,- նշեց Փաշինյանը: