ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձավ հարցին, թե ինչու ստորագրվեց Հայաստանի համար ոչ շահեկան փաստաթուղթ:
Վարչապետը նշեց, որ շատերն ասում են՝ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը, և դրանից շատ բան չէր փոխվի:
«Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը»,- նշեց նա:
Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո՝ հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի:
«Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ: Խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:
Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:
Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար:
Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:
Ընդ որում, այս իրավիճակում և պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»,- նշեց Փաշինյանը: