Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման նախորդ պայմանավորվածություններն արդյունք չտվեցին, բանակցություններին նոր որակ հաղորդեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով ինտենսիվ բանակցությունները՝ հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Սերգեյ Լավրովը միևնույն ժամանակ նկատել է՝ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց Մոսկվան հետևում է:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք տեսնում ենք բողոքները Երևանում, մենք տեսնում ենք, թե Հայաստանի ընդդիմությունն ինչպես է սպեկուլացնում այս իրավիճակը:
Իրավիճակի կայությունը կպահպանվի, իսկ կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները: Արտգործնախարարը շարունակել է խոսքը՝ վստահություն հայտնելով՝ առայժմ չկան նշաններ, թե որևէ մեկը փորձում է տապալել ձեռք բերված պայմանավորվածությունները: Լավրովը նաև տարածաշրջանի վերածննդի կանխատեսումներ է արել:
Սերգեյ Լավրով - Բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու պատճառով: Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր հաղորդակցությունները վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան:
Շարունակելով ներկայացնել համաձայնագրի մանրամասները՝ Լավրովն անդրադարձել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության կազմում ներգրավվելու թուրքական նկրտումներին։
Սերգեյ Լավրով - Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք որոշվելու են ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայմամբ Ադրբեջանի տարածքի այն հատվածում, որը մոտ չէ Ղարաբաղին:
Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության մեկնաբանի հարցին՝ թե արդյոք ռուս խաղաղապահներն անվտանգության ժամանակավո՞ր կամ անժամկե՞տ երաշխավոր են, նախարարը մեջբերել է հայտարարության այդ կետն ու հավելել:
Սերգեյ Լավրով - Բոլոր փախստականները, տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, վերականգնել իրենց մշակութային, քաղաքակրթական, կրոնական արմատները: Պետք է քննարկել բազմաթիվ վանքերի, մզկիթների հետ կապված վիճակը, որոնցից շատերն այսօր ցավալի վիճակում են: Դա, ի դեպ, վերաբերում է տարածաշրջանի այլ հատվածներում կրոնական օբյեկտներին: Հայկական կողմը բազմիցս բարձրացրել է Նախիջևանում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի մասին հարցը: Վստահ եմ, որ այժմ, երբ մենք ռազմական գործողությունների դադարեցումից հետո խաղաղ կարգավորման ենք հասել, հայերի, ադրբեջանցիների, այլ խմբերի մշակութային ժառանգության հարցերին պետք է հատուկ ուշադրություն հատկացնել:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին լրագրողի հարցին պատասխանելով՝ նախարարն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Այդ կարգավիճակը կորոշվի՝ կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի՝ ի՛նչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում:
Հայաստանի կառավարությունը հասկանում է ողջ պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ փաստաթղթի տակ՝ ելնելով իր ժողովրդի շահերից՝ շեշտել է Սերգեյ Լավրովը և հույս հայտնել՝ համոզված եմ, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի: