Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը:
«Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս փորձել եմ նպաստել արդարադատության ոլորտի դրական փոփոխությունների իրականացմանը: Ոլորտի բացթողումներն ու անելիքները բազմաթիվ են, խնդիրները՝ տասնամյակների պատմությամբ, ուստի հաճախ դրանց լուծումները պահանջում էին արմատական փոփոխություններ:
Այս ճանապարհին առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով: Պատիվ եմ ունեցել քաղաքականություն մտնելու հաղթանակած գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ արդարադատության նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,- հայտարարել է նա: