Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք»,- նշել է Կոնաշենկովը՝ ավելացնելով, որ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարժվել են Գորիս-Սուս-Գեյթալա-Լիսոգորսկի լեռնանցքով դեպի Շուշիի հարավարևմտյան ծայրամասեր և այնտեղ սկսել են տեղակայել չորս դիտակետ:
Խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում․ Լիսոգորսկի սովխոզում տեղադրվել է վեց ժամանակավոր դիտակետ:
Կոնաշենկովը ավելացրեց, որ Հայաստան ժամանած ռուս խաղաղապահները շարժվում են դեպի Գորիս քաղաք: «Այսօր ժամանած խաղաղապահ կազմավորման 2-րդ վաշտի ստորաբաժանումները, Էրեբունի օդանավակայանում բեռնաթափվելուց հետո, երեք հարյուր կիլոմետրանոց երթ են կատարել դեպի Գորիսի մոտակայքում գտնվող կայանատեղին»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Ըստ Կոնաշենկովի՝ խաղաղապահ խնդիրները կատարելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինված անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, կազմակերպվել է անմիջական կապ և շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ խնդիրների իրականացման և իրավիճակի մոնիտորինգի համակարգումը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնը»,-ավելացրեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: