Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադարի կնքմանը:
«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից հավանության արժանացած հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններին, անարդար են։ Թրամփի վարչակազմի բացակայությունը ցայտուն էր, ինչն աղետալի հետևանքների հանգեցրեց Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը։
Բացի այդ, Շերմանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է դիտարկվեն որպես հարցի վերջնական կարգավորում:
Նա նաև պետքարտուղարությանը և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։
«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։