Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետագա անելիքներին:
«Մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:
Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին»,- նշեց վարչապետը:
Մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից՝ նշեց Փաշինյանը:
«Շատերը կհարցնեն, թե արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի՞ է խոսել լավ ապագայի մասին: Այո՛, որովհետեւ այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:
Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե, ի վերջո, ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին:
Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը»,- նշեց վարչապետ Փաշինյանը: