ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ նոյեմբերի 5-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով ՌԴ գործընկերների հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։
«Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր 17 կուսակցությունների միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։
Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար:
Ուստի կոչ եմ անում այս օրհասական պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարիներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։
Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրսբերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք։
Միանշանակ է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, և այդ իրադրությունը պետք է ժամանակի հետ փոխել, բայց կարող էր լինել այնպիսի ողբերգություն, որի հետևանքն անդառնալի կլիներ։
Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր չէ «Ալյանս» կուսակցությունն այլևս դիտարկել 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանության մեջ»,- գրել է Ուրիխանյանը: