Քաղաքական մի շարք ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բողոքի ալիքը ղեկավարող 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդն ասում է՝ իշխանությունները քաղաքական պատասխանատվություն կրելուց բացի, պետք է պատասխանեն նաև հարցերի: Ընդդիմադիր ուժերը, նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը ստորացուցիչ են որակում:
Իվետա Տոնոյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ունեմ սպասելիքներ մեր հայրենակիցներից, մեր ժողովրդից: Դուք չունեք ի դեմս մեզ թշնամիներ, կրկնում եմ՝ եկեք խոսենք, թողեք էդ հումանիտար միջանցքը, որպեսզի մենք կարողանանք օգնենք ձեզ:
Դաշնակցությունից Լիլիթ Գալստյանն ասում է՝ Հայաստանում ներքաղաքական քաոս կա, իրենք ուզում են երկիրը հանել այդ վիճակից: Իսկ դրա համար անհրաժեշտ է համախմբել ու կենտրոնացնել քաղաքական ու դիվանագիտական ուժերը: Իրենք այն ճանապարհով են գնում, որ հնարավորություն կտա օր առաջ խնդրի լուծման եզրեր գտնել: Գալստյանը վստահեցնում է՝ քաղաքական ճնշումներից, ԱԱԾ-ից չեն վախենում, պայքարը շարունակելու են:
Լիլիթ Գալստյան (ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ) - Մեր պայքարը պատերազմի համար չի, մեր պայքարը հայրենիքի համար է: Մեր պայքարը հայրենիքի փրկության համար է, մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու համար է: Ձեր գնալու ժամանակն է, գնացե՛ք սահուն, գնացե՛ք առանց ներքին բախումների, մենք բաժումներ չենք ուզում:
17 կուսակցության պահանջը իշխող ուժից անցնցում, սահուն հեռացումն է: Իրենք բախումների կողմնակից չեն, նաև դեմ չեն, որ Արցախում խաղաղապահ ուժեր լինեն, բայց չեն կարող հաշտվել նաև կապիտուլյացիայի հետ: Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծում են, որ դա Արցախն ավելի լուրջ աղետի կարող է բերել:
Արա Գասպարյան («Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի քարտուղար) - Մենք հիմա ծանր վիճակում ենք, բայց կան ելքեր: Ամենակարևորը՝ այս իրավիճակից դուրս գալուց հետո մենք պետք է մեր երկիրը տանենք նորացման, արդիականացման ճանապարհով: Մեզ սպասում են դժվարին օրեր, բայց մենք հաղթահարելու ենք դժվարությունները:
17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը լուրջ խնդիր է տեսնում նաև դիվանագիտական հարաբերություններում: Հիմա պայքարում են, որ այս ծանր վիճակում գոնե կարողանան խմբագրել այն սխալները, որ, իրենց ձևակերպմամբ՝ այլևս ճակատագրական են: