ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Գլուխ խոնարհելով արցախյան հերոսամարտում նահատակված զինվորականների, կամավորականների, մարտական գործողություններին մասնակցած անձանց փառավոր հիշատակի առաջ,
Խորը վշտով կիսելով նահատակվածների ընտանիքների, ընկերների և հարազատների ցավը,
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում պատերազմական գործողություններին և զինադադարին հաջորդած ներքաղաքական իրադարձությունները՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է.
-
Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով ըստ էության պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ,
-
Քառասունհինգօրյա պատերազմում առաջնագծի ողջ երկայնքով գրանցվել են առանձնակի հերոսություններ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը,
-
Պատերազմական գործողություններում բանակի թիկունքային ապահովմանը մասնակից է եղել համահայկական ողջ ներուժը,
-
Արձանագրում ենք, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով ձախողվեցին հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների բազմակի փորձերը,
-
Ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:
«Իմ Քայլը» խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»: