Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին.
1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը: