Տարածքներ հանձնելու թեման միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ գալիս, ասում էի՝ ժողովուրդ ջան, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը՝ դուք ասելու էիք՝ որտե՞ղ էիր այսքան ժամանակ, ինչո՞ւ շուտ չէիր ասում, մենք էլ նման բանի էինք սպասում, որ այդ տարածքները վերադարձնենք՝ իհարկե չէիք ասելու։ Ասելու էիք՝ ոչ։ Ես էլ լինեի ձեր տեղը՝ ասելու էի ոչ, և արդյունքում ունենալու էինք նույն բանը։ Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ՝ ավելի վատ կլինեին արդյունքները՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ինչու չկանխվեց, եթե պատերազմից առաջ կային նախանշաններ, ասաց․ «Եթե որոշեի, որ պետք է կանխել, այդ ժամանակ էլ պետք է գայի և ասեի՝ գիտեք, ժողովուրդ ջան, մենք նման ընտրություն ունենք, կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում։ Ինչու չեմ եկել և ասել՝ նախ որովհետև ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք։ Ես հավատում էի, որ մենք կարող էինք պայքարել մեր Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ անգամ օրեր առաջ «ցավոտ փոխզիջում» արտահայտությունն է թույլ տվել, որը վատ արձագանք է ունեցել, իսկ այդ դեպքում, վարչապետի խոսքով, հանրությունն ասելու էր՝ մենք կգնանք կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները․ արդյունքում՝ ստանալու էինք պատերազմ։
Թե ինչու երկրորդ, երրորդ կամ չորրորդ օրը չկանխեցինք պատերազմը, վարչապետը նշեց, որ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող է ընթացել հայկական կողմի համար։ «Երկրորդ. ըստ էության, պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի հանձնում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու հստակ մեխանիզմի, եթե մենք մեծ հաջողություն չենք ունենում ռազմաճակատում։ Ընդ որում, պատերազմի մեկնարկից հետո խոսքն այլևս չէր լինելու 5 տարածքի մասին, այլ 7-ի, մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից՝ ավելի ընդլայնված սեգմենտով»,- ասաց Փաշինյանը։
Իսկ թե ինչու նման որոշում չկայացվեց փուլերից որևէ մեկում, Փաշինյանը ընդգծեց, որ ՊԲ-ն, գլխավոր շտաբը, մենք բոլորս ուզում էինք պատերազմի ընթացքը բեկել, և այսպիսի ցավոտ որոշում կայացվեց, երբ որ ակնհայտ էր՝ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք, և մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից։