Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումով, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 177.658․916,3 հազ. դրամ՝ ՀՀ 2020 թ․ պետական բյուջեով հաստատված 179.744.957.1 հազ. դրամի դիմաց: Այսպիսով, նախարարությանն ուղղվող ծախսերը 2020 թ․ համեմատ նվազեցվել են 1,2 %-ով։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման սկզբում նշել է, որ հաջորդ տարվա բյուջեի կազմման համար որդեգրած քաղաքականությունը պայմանավորված է ներկայում առկա սահմանափակումներով, ուստի այն կարելի է համեմատության մեջ դնել 2019 թվականի բյուջեի հետ։
«ԿԳՄՍ ոլորտներում դեռևս շատ անելիքներ ունենք։ Որդեգրել ենք այն քաղաքականությունը, որը մեզ թույլ է տալիս ներկա սահմանափակումները, ինչը ենթադրում է ընթացիկ ծախսերի գծով լրացուցիչ պարտավորություններ չստանձնել։ Վերցնենք 2019 թ․ բյուջեով հաստատված թվերը և փորձենք համեմատել, կտեսնենք, որ 2021 թ․ նախագծով ենթադրվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հատկացումների 10% աճ, իսկ ընդհանուր առմամբ բյուջեի հատկացումների ցուցանիշը 177,6 մլրդ դրամ է՝ շուրջ 16․6 մլրդ դրամով ավելի, քան 2019 թվականի ծրագրային ցուցանիշն էր»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ընդգծել է՝ նախատեսվում է իրականացնել ծրագրեր ոչ միայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այլև երիտասարդության և սփյուռքի։ Ա․ Մարտիրոսյանը ներկայացրել է մի շարք ծրագրերում կատարված էական փոփոխությունները և դրանց պատճառները։ Մասնավորապես, «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրում կա հատկացումների ավելացում՝ 246․525,0 հազ. դրամ (10.5 %-ով), ինչը պայմանավորված է շահառուների խմբի ընդլայնմամբ (օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի չափի և շահառուների թվի ավելացում), տարվա լավագույն մարզիկների պարգևատրմամբ, ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ընդլայնմամբ։ Ավելացել են նաև «Հանրակրթության ծրագրի» հատկացումները՝ 3.308.269․8 հազ. դրամ (3․3 %-ով), ինչը պայմանավորված է շահառուների թվի, մի շարք ծրագրերի ավելացմամբ կամ փոփոխմամբ։
«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրում ևս կա հատկացումների ավելացում՝ 163․752.6 հազ. դրամ (6.7 %-ով)՝ կապված մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների թվի և շահառուների, ուսուցիչների աշխատավարձի աճով, «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի ներդրմամբ: Բացի այդ, ավելացել են «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի հատկացումները (615․850.1 հազ․ դրամ, 6.6 %-ով), քանի որ անցկացվելու է նոր՝ «Հայաստանում «STARMUS» փառատոնի կազմակերպման և անցկացման մասնակցության վճար» միջոցառումը։
Ա․ Մարտիրոսյանը նշել է, որ բյուջետային ծրագրավորման արդյունավետության բարձրացման նպատակով վերանայվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց համար հիմք են հանդիսացել արդյունքային ցուցանիշների կատարողականները և թերակատարումները, ուստի կան միջոցառումներ, որոնք խմբավորվել են մեկի ներքո, ավելացվել են նոր միջոցառումներ։ Մասնավորապես, ստեղծվել է «1227․ Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրը, որն ընդգրկում է երեք միջոցառում՝ «Էլեկտրոնային կառավարում», «ՏՀՏ բովանդակություն և հեռավար ուսուցում», «ՏՀՏ ենթակառուցվածքների ապահովում և սպասարկում»։ Միաժամանակ, ծրագրում ավելացել է 2 նոր միջոցառում՝ «Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական մաթեմատիկական ոլորտների կրթության բարելավում» և «Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ոլորտների կրթական միջավայրի բարելավում», որոնք իրականացվելու են Համաշխարհային բանկի աջակցությամբ «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության» դրամաշնորհային փորձնական ծրագրի շրջանակում: