1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի, 6-ի, 7-ի , 8-ի դեպքերի քրոնիկոնը:
Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք․ Սարումյան
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ։ Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ։ Նշեմ նաև, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողի»,- հայտնել է ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։ Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։ Նշեց, որ յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։ Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք։ Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։
Շուշիի ուղղությամբ մարտերը շարունակվում են. վստահ եղեք՝ բանակը կարողանալու է զսպել հակառակորդի զավթողական նկրտումները․ Սարումյան
ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը հայտնել է, որ ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են։ «Մարտական գործողությունների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։ Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ։ Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասել է Սարումյանը։ ԱՀ ՊԲ ներկայացուցիչը նշել է, որ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Սարումյանի խոսքով՝ այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ։
«Ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, խոցելու համար։ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հաճախ հակառակորդին չեն ներվելու։ Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը»,- շեշտել է Սարումյանը։
ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝
տեղեկացնելով. «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:
Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»։
Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ: «Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը: Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- ասված է հայտարարության մեջ:
Պատերազմում հնարավոր է, որ դիվերսիոն խումբը ներթափանցի բնակավայր և 1-2 րոպեով դրոշ բարձրացնի՝ գլխովին ոչնչացվելու գնով
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրել է խորհրդանշական խնդիր և պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի հետ։
«Վստահեցնում եմ՝ այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով որևէ դրոշ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշը բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնելն է, պատրաստ ենք այդպես արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,- նշել է Սարումյանը։
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար. գերեվարվել է թշնամու երկու զինծառայող․ ՀՀ ՊՆ խոսնակ
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում:
Շուշիի համար մարտերը շարունակվում են. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ժամը 19։12-ին գրել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա. ԱՀ նախագահ
«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ»,- ժամը 19։07-ին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ»,- հայտարարել է ԱՀ նախագահը:
Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումը
Տեսանյութ
Կասեցվել է Կարմիր Շուկայի ուղղությամբ հակառակորդի գրոհը. ՀՀ ՊՆ խոսնակ
Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի և այլ ուղղություններով. ՊՆ ներկայացուցիչ
«Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ։
Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԲ հրետանավորները. տեսանյութ
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել մեր հրետանավորների, նրանց գործողությունների և սխրանքների մասին:
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվել են
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»,- ասված է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի առավոտյան հրապարակած գրառման մեջ: Կիսվելով նույն գրառմամբ՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելել է, որ սա է իրերի իրական դրությունը։ «Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»,- նշել է Հովհաննիսյանը։
Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել. թշնամին նահանջել է
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Հայտնել են ՊԲ-ից։
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ.
Ստեփանակերտը հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով
Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակել են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այս մասին առավոտյան հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշել են, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։