ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրել է՝ պատերազմի ժամանակ հայկական կողմն արել է առավելագույնը հաջողության հասնելու համար, սակայն ունեցել ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ, որ գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների տոտալ բլոկադայում։
«Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական սպառազինության, տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաև հերոսամարտ համարել։ Արվել է անհնարինը։ Զինված ուժերը՝ սկսած ժամկետային պարտադիր ծառայողներից՝ մեր հերոս երիտասարդներից մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը, կատարել են առավելագույն հնարավորինը։ Մենք դիմակայել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի շատ մեծ ուժի՝ գերսպառազինված ուժի»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ հայկական կողմը ևս եղել է սպառազինված, բայց, քանակի և ռեսուրսների առումով, Հայաստանի ու Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են։
Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանն ունեցել է բացահայտ աջակցություն Թուրքիայից՝ ոչ միայն մարդկային ռեսուրսի, այլև սպառազինության տեսանկյունից, նաև եղել են հազարավոր ահաբեկիչներ ու վարձկաններ, որոնց դիմակայել է մեր բանակը։
«Ես վտահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։ Մենք ունեցել ենք մեծ խնդիր՝ հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցները, որն օգտագործել է Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնարին էր դարձրել մեր արձագանքը»,-ասաց պաշտպանության նախարարը։
Տոնոյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ արագ տիրակայում են ՌԴ խաղաղարար ուժերը:
«Տեղակայումն իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,-տեղեկացրեց նախարարը: