ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ նշեց՝ երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ արցախյան առաջնագիծը, ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն։
Ավինյանի խոսքով՝ վարչապետն Ազգային ժողովում, շատ հստակ նաև արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով և իրեն առաջարկվող բոլոր լուծումներով առաջարկվում էր մի տարբերակ՝ առանց որևէ նախապայմանների 7 շրջանի վերադարձ։ Փոխվարչապետն ասաց, որ, կարծում է, երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց՝ ընտրեցինք պատերազմելու ճանապարհը՝ արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը։ Տիգրան Ավինյանը նաև ցանկացավ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակն իրապես հերոսական կռիվներ է մղել։
«Այս օրերի ռազմական գործողությունների տրամաբանությունը բերեց մի հանգրվանի, որտեղ մենք արդեն ունեինք վտանգ՝ Ստեփանակերտի նկատմամբ ռազմական գործողությունների իրականացում, և կազմակերպվում էր Ստեփանակերտի պաշտպանությունը, որը իր հետևից կբերեր այլևայլ պոտենցիալ խնդիրների՝ և՛ Մարտունու շրջանում, և՛ Ասկերանի շրջանում, և՛ ամբողջ մնացյալ ռազմաճակատում։ Սա ցավալի և, կարելի է ասել, պարտադրված որոշում էր, որը վարչապետը կայացրել է՝ խորապես քննարկելով և՛ Գլխավոր շտաբի պետի հետ, և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Արցախի նախագահի և այլ մարմինների ղեկավարների հետ, որոնք տիրապետում էին իրավիճակին։ Այս որոշումը չի կայացվել հապճեպ․ այնուամենայնիվ, այս որոշումը կայացվել է հետագա զարգացումների բոլոր վտանգները և ռիսկերը գնահատելով։ Մենք պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին մենք դիմակայել ենք, հայոց բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը։ Դա եղել է թուրքական հրամկազմը, եղել են բերված ահաբեկիչները և անթիվ, անսահման զինատեսակները, որոնք ուղղակի թափվել են Արցախի գլխին։ Ստեփանակերտում, երևի, 100 քառակուսի մետր տարածություն չկա, որտեղ մի հրթիռ կամ հրետանային հարված տեղի ունեցած չլինի»,-ասաց Ավինյանը։