ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ հայրենակիցներին ներկայացրեց իրողությունները, որոնք արդեն արձանագրված են։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ին՝ առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում նշել է, որ եղել է իր կյանքի ամենածանր գիշերներից մեկն ու ամենածանր լուսաբացներից մեկը։ Ասաց՝ նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։
«Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել։ Շատ ծանր օրեր եմ ունեցել։ 1992-94 թվականներին կորցրել եմ հարազատներ, որոնց վերջին խոսքը, բառը եղել են իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել։ Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, պատմությունը չգիտեմ ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել։
Նախ՝ ռազմական վիճակի առումով՝ 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանից և, ամենագլխավորը՝ Շուշի։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհ, քանի որ մարտական գործողություններն ինչ-որ տեղ տեղափոխվելով մեր առաջնագծի համար թիկունք՝ անդառնալի հետևանքներ կունենային առաջնագծում՝ այդ 43 օրը հերոսաբար պայքարող, մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով։ Չեմ ուզում աշխարհագրորեն նշեմ, եթե կորցնեինք Ստեփանակերտը՝ ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով։ Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին ունենալ»,- ասաց Հարությունյանը։
Նա ասաց, որ, կարծես թե, մեզ հաջողվել էր մի քանի օր պաշտպանվել անօդաչու սարքերից մեր հակաօդային ուժերի առումով, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը նոր տեխնոլոգիաների թե նոր անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավորություն ունեցավ նորից մեծ վնասներ պատճառել մեր զորքին։ ԱՀ նախագահն ընդգծեց նաև ՊԲ-ում տասնամյակներով առկա կարիքների անհրաժեշտության, ինչպես նաև այն մասին, որ առաջնագծում կռվող մեր զորքը քովիդով, դիզենտերիայով և այլ առողջական խնդիրներով պայքարել է, քանի որ չի եղել հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու․ ամեն օր մարտական գործողություններ են ընթացել։ ԱՀ նախագահը շեշտեց, որ այդ ամենով հանդերձ կարողանում էին դիմադրել, նրա խոսքով՝ ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի։ Հարությունյանը նշեց, որ մեզ մոտ կռվում էր հայ զինվոր կամավորը, իսկ հակառակորդի ուժերում էին նաև վարձկաններ ու ահաբեկիչներ։
«Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները։ Խոնարհվում եմ մեր բոլոր զոհվածների ընտանիքների առջև։ Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք»,- ասաց ԱՀ նախագահը։
Հարությունյանը նշեց, որ Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել են նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից։ Ասաց՝ չէին ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել եղած ռեսուրսներով՝ մարդկային և զինտեխնիկայի, որը կար։ Հարությունյանը նաև նշեց, որ մեր հակառակորդն է եղել նաև պառակտումն ու խուճապը։ ԱՀ նախագահը նշեց, որ սթափ որոոշումների համար հայ ժողովրդի մեջ համերաշխություն է պետք։ Ընդգծեց՝ ամեն ինչ առջևում է․ պետք է մտածել, գնահատել, որից հետո որոշումներ կայացնել։
«Եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը։ Ամեն ինչ առջևում է։ Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալու և հաջողություններ արձանագրելու։ Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն հայ ժողովրդի մեջ»,- ասաց ԱՀ նախագահը։