Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ իրավիճակի պատասխանատվությունն ինքն անձամբ ու ամբողջապես է կրում։
«Բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ համար ու ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին, և փաստն այն է, որ մենք և մեր բանակն այս պատերազմում կռվել են մինչև վերջ և անմնացորդ։ Մեր զինվորները, մեր սպաները, գեներալները, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանը, ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, բազմաթիվ հրամանատարներ, ովքեր ռազմաճակատում կռիվ են տվել և այդպես շարունակ։ Բայց եթե կա այսպիսի արդյունք, մենք կարող ենք ասել, որ, այո՛, այդպես չանելը գուցե սխալ էր»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ բանակի զարգացման համար վերջին 2.5 տարիներին բազմաթիվ միջոցառումներ են իրականացրել, սակայն գուցե ոչ բոլոր միջոցառումներն էին արդյունավետ այս պատերազմի ընթացքում։
«Որ վերջին 2.5 տարում բանակը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում, փաստ է։ Մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան ցանկանում էինք դնել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չկարողացան կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել ու դրանք ծառայեցնել բանակի շահերին։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի ու Արցախի ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ մենք ընկել ենք, բայց չենք ծնկել:
«Կանգնել ենք տղամարդավարի, մինչև վերջ, մինչև ամենավերջին խազը, որի վրա կայացրել ենք որոշում, անդունդը չընկնելու համար։ Դա եղել է ցավոտ, բայց անհրաժեշտ ու անխուսափելի որոշում, որովհետև դրա չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ։ Ես անձամբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար, շարունակում եմ կրել ու կրելու եմ այդ պատասխանատվությունը։ Կուզեի ընդգծել, որ, այո՛, ես հավատում եմ, սա մեծ անհաջողություն է մեզ համար, մեծ աղետ է, սուգ է մեզ համար, մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանն ու Արցախը պետք է ապրեն և մենք պետք է ուժեղանանք ու հզորանանք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։