Այսօր համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման առումով, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Խնդրում եմ ավելի ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը շատ ավելի խաղաղապահ ուժերին է վերաբերում։ Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը, որ այդ աջակցությունը մենք ստացանք»,- ասաց Տոնոյանը։ Նախարարը նաև նշեց, որ գործողությունները, որոնց մենք առնչվել ենք, եղել են միանգամայն այլ քանակի, որակի: Ըստ նրա՝ սա Ադրբեջանի հետ պայքարը չի եղել, իրականում եղել է աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակ՝ ընդ որում, տարածաշրջանային՝ ոչ միայն Հարավային Կովկասին վերաբերող հարցերով։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի տարբեր ուժերի առաջարկները՝ ռազմաքաղաքական նոր կառավարող ուժ ստեղծելու մասին, Տոնոյանը շեշտեց՝ զինված ուժերը գտնվում են քաղաքական գործընթացներից դուրս։ Նախարարի խոսքով՝ ՊՆ-ն իրականացնում է քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ և, միայն որպես պաշտպանության նախարար, կոչ կանի, որպեսզի այսօր մարդիկ համախմբվեն։ Տոնոյանը նշեց, որ Հայաստանում չպետք է լինեն այնպիսի գործընթացներ, որոնք կարող են վնասել ՊԲ, Հայաստանի զինված ուժերի գործունեությանն առաջնագծում՝ անգամ խաղաղապահների առկայության դեպքում։