Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում թշնամին, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:
Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներն առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ մերոնք վաղ առավոտյան ևս մեկ ադրբեջանական ԱԹՍ են խփել։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կոչ է արել՝ ուղղակի վստահել մեր բանակին:
Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա: Գիշերը, Ստեփանակերտից բացի, խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: