Նույնիսկ երբ լռեն զենքերը, խոսելու են հերոսները: Հիշողության քաղաքի հիմնադիրը արևելագետ Արսեն Պետրոսյանն է: Արցախում տղերքի սխրանքները 28-ամյա նկարչին ստիպել են վրձին վերցնել ու շրջել փողոցներում:
Արսեն Պետրոսյան (նկարիչ) - «Հրազդանից դուրս չեմ նկարում: Շատ ժամանակ լինում է, որ ասում են ինչ-որ գումարի դիմաց եկեք մեր քաղաքում նկարեք, բայց հարգելի հայրենակիցներ ջան, էդ ամեն ինչը ես անում եմ առանց գումարի ու բացառապես Հրազդանում»:
Փողոցային արվեստի նկարիչը Հրազդան քաղաքում շարք է սկսել: Նկարում է բազմաբնակարան շենքերի ու դպրոցների պատերին, նրա դիմանկարներում նորօրյա հերոսներն են: Եվս մի քանի շտրիխ ու կամբողջանա խիզախ հրետանավորի կերպարը: Արտակ Մարտիրոսյանին չի ճանաչել, բայց նախքան գործը սկսելը հանդիպել է նրա ընկերներին ու հարազատներին.
Արսեն Պետրոսյան - «Չնայած նկարում եմ սև, սպիտակ, մոխրագույն տոների մեջ, բայց ուզում եմ, որ հայացքը զգան, ես էլ հարազատների հայացքից զգամ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել»:
Հրետանավոր Մարտիրոսյանի ավագ եղբայրը նկարչի կողքից չի հեռանում: Արմենն ինքն է դիմել փողոցային արվեստի վարպետին, խնդրել անմահացնել հերոսացած եղբորը: Ծնողների հետ քննարկել ու որոշել են՝ նկարի մի կողմում գրել՝ «Մեր հզոր Արտակը», մյուսում՝ «Կյանքս կյանքիդ համար»:
Արմեն Մարտիրոսյան (Արտակ Մարտիրոսյանի եղբայրը) - «Արտակը խոսելուց շատ բան չէր ուզում ասել էս ընթացքում, ուղղակի ասում էր, որ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ արվում է ոնց որ պետքն է, միշտ սիրել է ռազմական գործը, միշտ ուզեցել է, դրա համար էլ որոշեցինք, որ բոլորն էլ իմանան ու ճանաչեն նրան»:
Այս պատերազմում զոհվել է քաղաքի 5-րդ դպրոցի 4 շրջանավարտ: Ընկեր Բակլաչյանն ասում է՝ չորսն էլ հերոս են, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Հիմա Արտակը, հետո նաև Ազատը, Խաչատուրն ու Արմանը իրենց դիմանկարներով կվերադառնան դպրոց.
Տիգրան Բակլաչյան (Հրազդանի 5-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - «Թող մեր երեխաները, մեր աշակերտները ճանաչեն մերօրյա նորօրյա հերոսներին, ճանաչեն և նրանց հերոսությունը, նրանց փառքը հայրենասիրություն սերմանեն մեր երեխաների մեջ»:
Արսենի հեղինակած եռագույն դիմանկարներն ամենուր են: Քաղաքի 12-րդ դպրոցի պատին էլ Թաթուլն ու Խաչիկն են: Երկուսն էլ ընկել են հերոսի մահով՝ մեկը մասնագիտական, մյուսը՝ ռազմական առաջադրանքը կատարելիս.
Արսեն Պետրոսյան - «Դպրոցի պատին հավերժացրել եմ կապիտան Չոբանյանի դիմանկարը, որ բժիշկ է եղել, հերոսաբար ընկել է մարտում, իսկ կողքին Ջրառատցի Խաչիկն է: Խաչիկի նկարը պլանավորում եմ ավարտել վաղը, Արտակի նկարից հետո: փառք ու պատիվ մեր հերոսներին, թող ամեն նկարի հետ՝ ասում ենք էս վերջինը լինի, բայց թող գա էն օրը, որ ես էլ ներկով շորերը չհագնեմ»:
Հերոսների քաղաքում Արսենը նոր ավանդույթի սկիզբ է դնում. տղաներն ամեն օր խաղաղության համար հերթական պայքարի մասին են հիշեցնելու: