Տեղի է ունեցել համաեվրոպական մեծ դրամահավաք Արցախի համար:
Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքվել է 412.387 եվրո հանգանակություն։
Նիդեռլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք մեր Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով։
Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները, Նիդեռլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ, հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո: Երեքուկես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ հավաքել է ընդհանուր 412,387 եվրո հանգանակություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների ներկայացուցչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։
Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդեռլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդեռլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։